ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
21 Jul 2020

ԱՄՆ կվերանայի Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը․ Կոնգրեսի ստորին պալատն ընդունել է օրենսդրական փաթեթ


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը առանց քվեարկության ընդունել է 2021 թ. Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրինագծում օրենսդրական մի շարք փոփոխությունների փաթեթը: Քննարկումներն անցկացվել են, երբ Հայաստանում արդեն ուշ գիշեր էր։

Փոփոխության օրինագծի փաթեթի մեջ ներառված է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի առաջարկը։ Այս փոփոխությունները վերաբերում էին Ադրբեջանին հատկացվելիք ամերիկյան ռազմական օգնությանը։ Ըստ էության, այս օրինագիծն Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու մասին է։ Նախատեսվում է, որ Պենտագոնը, գործակցելով պետքարտուղարության հետ, զեկույց կներկայացնի Կոնգրեսին՝ ամերիկյան ռազմական օգնություն ստացած այն պետությունների ռազմական զորամիավորումների մասին, որոնց նկատմամբ առկա է կասկած, որ նրանք խախտում են միջազգային իրավունքը կամ մարդու իրավունքների դրույթները՝ ռազմական օգնություն ստանալուց առաջ կամ ընթացքում:

Զեկույցը ներառում է նաև մարդու իրավունքների բարելավմանն ուղղված առաջարկներ, որոնք կնպաստեն այս տեսակի խախտումների կանխմանը:
Կոնգրեսական Փալոնը կարևորել է օրենսդրական այս փոփոխությունը, հատկապես Ադրբեջանի՝ Հայաստանին սպառնալու ֆոնին: Ըստ նրա, այս փոփոխությունը հիմք է՝ Ադրրբեջանին ռազմական օգնությունից զրկելու համար, քանի որ Բաքուն ունի մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ և վարում է ռազմատենչ քաղաքականություն:

«Գործընկերների կարողությունների ամրապնդում» ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ծրագրի 333-րդ կետի շրջանակում Միացյալ նահանգները ավելի քան 100 մլն դոլարի ռազմական օգնություն է ցուցաբերում Ադրբեջանին 2018 թ․ ի վեր: ԱՄՆ պետքարտուղարությունը պատճառաբանում էր, թե Ադրբեջանին ռազմական օգնությունը բխում է ԱՄՆ շահերից, նպաստում ահաբեկչության, թմրամիջոցների շրջանառության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելմանը և չի սպառնում Հայաստանին ու տարածաշրջանին: Ազգային պաշտպանության հատկացումների օրինագծի փոփոխությունների փաթեթի քննարկմանը կոնգրեսական Փալոնի առաջարկությանն աջակցություն է հայտնել կոնգրեսական Բրեդ Շերմանը:

Դեռ մայիսին հայկական հանձնախմբի անդամները բողոքի նամակ էին հղել ԱՄՆ պետքարտուղարին ու Պենտագոնի ղեկավարին Ադրբեջանի օգնության վերաբերյալ՝ նշելով, որ այն խախտում է տարիներ շարունակ հաստատված ռազմական օգնության տրամադրման համաչափությունը: Պաշտպանության ոլորտի կարևոր այս փաստաթուղթը առնչվում է հաջորդ տարվա Պենտագոնի ծրագրերի և հատկացումների հետ կապված հարցերին: