Սահմանին՝ զենքով, աշխարհի մայրաքաղաքներում՝ դրոշներով ու բռունցքներով. հայ-ադրբեջանական անզեն բախումները
Ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի աշխարհասփյուռ հայությունն աշխարհի տարբեր երկրներում այս օրերին բողոքի ակցիաներ են անում ադրբեջանական դեսպանատների առջեւ: Սահմանում՝ զենքով, իսկ ցույցերում՝ դրոշներով ու բռունցքներով բախումներ են ընթանում: Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանության մոտ երեկ ինքնակազմակերպված ցույց է անցկացվել. ֆրանսահայերի՝ հայկական եռագույներով ու Ղարաբաղը մերն է կոչերով ցույցին ի պատասխան հետեւել է ադրբեջանական սադրանքը, որից հետո էլ բախումներ են սկսվել:
Լոնդոնում ապրող ադրբեջանական համայնքն էլ օրեր առաջ ակցիա էր կազմակերպել, որին անմիջապես հաջորդել էր բրիտանահայերի պատասխան ակցիան: Բողոքի ցույցին մասնակցել են ուսանողներ, ներկա են եղել դեսպանատան ներկայացուցիչներ և Հայ առաքելական եկեղեցու Անգլիայի թեմի քահանաներ։ Այս ցույցը եւս վերածվել է ծեծկռտուքի, որը կանխվել է ոստիկանների կողմից:
Եվրոպական մեկ այլ երկրի՝ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում եւս հայերն Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ակցիա են անցկացրել: Լեհահայերն այս ակցիայով ցանկանում էի առավելապես ուշադրություն հրավիրել Հայաստանի խաղաղ բնակավայրերի հրատակոծման փաստի վրա։ Սակայն այս խաղաղ ցույցն էլ է վերածվում բախման: Արդյունքում՝ լեհական ոստիկանությունը կիրառում է արցունքաբեր գազ ու ռետինե մահակներ։
Գերմանական Մյունխենում եւս հայ համայնքը բողոքի ցույց է արել, որն ուղեկցվել է հայրենասիրական երգերով, կարգախոսներով, հիմնականում՝ Արցախը՝ Հայաստան է կոչով:
Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Ամստերդամում: Այս ցույցը եւս խոչընդոտել են ադրբեջանցիները: Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը Ադրբեջանի դեսպանության տարածքում հակացույց կազմակերպելը սադրանք է համարել: Ադրբեջանի դեսպանության սադրիչ քայլերի վերաբերյալ ՀՀ դեսպանությունը իր մտահոգությունը հայտնել է այդ երկրի իշխանություններին։
Ամերիկահայերն էլ հավաքվել էլ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան առջև:
Վաշինգտոնյան ցույցերը զարդարել են Հայաստանի և Արցախի դրոշները և մշտապես հնչող «Ղարաբաղը մերն է» բացականչությունը:
Օրեր առաջ էլ ոստիկանությունը ցրել էր Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան առջև հավաքված ադրբեջանցիներին: Ուշագրավն այն է, որ «Ղարաբաղը մերն է», «Ոչ մեկին այն չենք տա» ու այս կարգի վանկարկումներն ադրբեջանցիները անում էին սեփական երկրի դեսպանության առջեւ։