ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
20 Jul 2020

ՆԱՏՕ-ն դժգոհ է ՌԴ ռազմական անսպասելի ստուգումներից․ ՀՀ Զինուժը եւս կմասնակցի


Զորքի եւ նավատորիմի մարտական պատրաստականությունը գնահատելու նպատակով ՌԴ պաշտպանության նախարարի անսպասելի մասշտաբային ստուգումները տարատեսակ մեկնաբանությունների տեղիք են տվել։

ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն իր թվիթերյան էջում գրել է, որ Ռուսաստանն այսպիսով չի պահում թափանցիկության պայմանները:

Այս հայտարարությանը հետեւել է Պենտագոնի ղեկավարի հաղորդագրությունը: Մարկ Էսփերը կոչ է արել ամրապնդել ՆԱՏՕ-ն, բարձրացնել դաշինքի մարտունակություն՝ Ռուսաստանին սանձելու համար: ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարը համեմատության մեջ նաեւ նշել է, որ Ռուսաստանը Չինաստանից ավելի քիչ խնդիր է ներկայացնում:

Ռուսաստանում սկսած անսպասելի մասշտաբային ստուգումներն անհանգստացրել են նաեւ մեր հակառակորդ երկրին։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բաքվի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ։ Շոյգուն հանգստացրել է Հասանովին՝ վստահեցնելով նրան, որ միջոցառումը պլանային է և ոչ մի կերպ կապված չէ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ:

Հուլիսի 17-ին ՌԴ նախագահ, երկրի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ՝ անսպասելի լայնամասշտաբ ստուգումներ են սկսվել Դաշնության Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգներում, Հյուսիային և Խաղաղօվկիանոսյան նավատորմերի ծովային հետևակային եւ օդադեսանտային զորամիավորումներում: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ անսպասելի ստուգման նպատակը Զինված ուժերի մարտունակության գնահատումն է, Ռուսաստանի հարավ-արևմուտքում, որտեղ դեռ առկա են ահաբեկչական լուրջ սպառնալիքներ, անվտանգության ապահովումն է, ինչպես նաեւ «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին նախապատրաստվելը:

Ի դեպ, այս ստուգումները տարածվում են Հարավային ռազմական օկրուգի վրա, որի 102-րդ ռազմաբազան գտնվում է Հայաստանում։ ՀՀ Զինված ուժերը 102-րդ ռազմաբազայի հետ միասին այս ընթացիկ զորավարժությունների ընթացքում ունեն համատեղ միջոցառումներ՝ ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ այլ զորավարժարաններում: Դրանց ընթացքում ՀՀ Զինված ուժերից կներգրավվեն բավականին մեծ՝ մեկ գնդին հավասար ուժեր, այդ թվում՝ տանկային, հրետանային, մոտոհրաձգային: