«Իմ քայլը» խմբակցությունը դեմ քվեարկեց իր իսկ ներկայացրած նախագծին
«Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած օրենսդրական փոփոխությունների նախագծի քվեարկությունն անսպասելի շրջադարձ ունեցավ։ Խորհրդարանը երկու օր է՝ ակտիվորեն քննարկում էր «ԱԺ Կանոնակարգ» սահմանադրական օրենքում նախատեսված փոփոխությունները:
Ըստ այդմ՝ պատգամավորները կարողանալու էին համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման մեջ գտնվելով՝ գրավոր՝ ծրարի միջոցով, առանց նիստերին անձամբ ներկա լինելու, մասնակցել քվեարկությանը։ Սակայն այսօր, 2-րդ ընթերցմամբ քվեարկությունից առաջ, նախագծի համահեղինակ Վլադիմիր Վարդանյանը կոչ արեց պատգամավորներին դեմ քվեարկել։ «Մենք կարող ենք ունենալ խնդիր, որ այս օրենքի ընդունումից հետո այն ժամանակավրեպ կդառնա։ Ելնելով սրանից՝ առաջարկում ենք, որ վերադարձվի, լրամշակվի, որպեսզի այն համապատասխանի արտակարգ դրության ժամանակ մեր բնականոն աշխատանքին»,- հայտարարեց ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Մեկ կողմ, 6 ձեռնպահ, 79 դեմ ձայներով իմքայլական պատգամավորների նախագիծը չընդունվեց։ Քվեարկությանը մասնակցեց նաեւ խորհրդարանական ընդդիմությունը, որը նախագծի՝ 1-ին ընթերցման քննարկմանը բավական սուր քննադատությամբ էր հանդես եկել։
Նախագծի համահեղինակ Վլադիմիր Վարդանյանն ի պատասխան հայտարարել էր, որ Բարգավաճ եւ Լուսավոր Հայաստանների պատգամավորներից այս ընթացքում ոչ մի առաջարկ չի ստացվել, մինչդեռ նախագիծը շրջանառության մեջ է դրվել հունիսի 19-ից։
Նախագծի նախնական տարբերակով առաջարկվում էր ներդնել առողջության հիմքով ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված պատգամավորների գրավոր քվեարկության կարգը, որը 2-րդ ընթերցման քննարկմանը փոխվեց՝ համաճարակով պայմանավորված։ Ի դեպ, նախագծն ընդհանուր առմամբ հավանության չէին արժանացրել ինչպես օրենսդիր մարմնի մեծամասնությունը, այնպես էլ գործադիր մարմինը՝ ի դեմս արդարադատության նախարարության։ Մտավախություն կար, որ նախագծով առաջարկվող իրավունքի չարաշահման ռիսկ կարող է ստեղծվել։