ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
16 Jul 2020

Նուբար Աֆեյանի համահիմնադրած «Մոդեռնա» ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները դրական արդյունքներ են գրանցել

Ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի համահիմնադրած «Մոդեռնա» ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները դրական արդյունքներ են գրանցել: Այն ստացել է նաեւ ԱՄՆ կառավարության հավանությունն ու աջակցությունը։

ԱՄՆ Մասաչուսեթս նահագում կենտրոնացած բիոտեխնոլոգիական ընկերությունը հայտնել է, որ պատվաստանյութի փորձակման արձագանքներից պարզ է դառնում, որ այն մարդու օրգանիզմում առաջացնում է անվնաս իմունային պատասխաններ, ինչպես նաեւ հակամարմիններ, որոնք առկա են կորոնավիրուսից բուժվածների շրջանում:

ԱՄՆ գլխավոր վարակաբան, Համաճարակաբանության և ալերգիկ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչիի բնորոշմամբ՝ սա «լավ լուր է»:

Ֆաուչին ասել է նաեւ, որ «Մոդեռնայի» պատվաստանյութը մարդու օրգանիզմում առաջացնում է հակամարմինների բավական բարձր մակարդակ: Պատվաստանյութի դրական կողմերից է նաև այն, որ լուրջ կողմնակի ազդեցություններ չունի:

«Մոդեռնան» տեղեկացնում է, որ հակամարմինները հավանաբար առաջացել են պատվաստանյութի երկրորդ՝ ավելի մեծ չափաքանակով ներարկման ժամանակ, երբ կամավորները ստացել են ամենաբարձր դոզան։ Ընկերությունը փորձարկումների 2-րդ փուլը սկսել էր մայիսին և ակնկալում է երրորդ՝ ամենակարեւոր փուլին անցնել արդեն հուլիսի 27-ին:

Ապրիլին մեկնարկած փորձերին մասնակցել էր 18-55 տարեկան 45 կամավոր: 15 հոգանոց խմբերի բաժանված կամավորները ստացել են, համապատասխանաբար, 25, 100 և 250 միկրոգրամ պատվաստանյութ՝ երկու անգամ՝ 28 օր պարբերությամբ:
Ամենացածր դեղաչափ ստացած կամավորների օրգանիզմում ի հայտ են եկել նույն մակարդակի հակամարմիններ, ինչպես կորոնավիրուսով վարակված եւ ապաքինված հիվանդների օրգանիզմում: