ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
16 Jul 2020

Ադրբեջանի զինուժը խախտել է մեկօրյա փխրուն հրադադարը եւ զգալի կորուստներով հետ շպրտվել

Հայ-ադրբեջանական սահմանին հաստատված մեկօրյա փխրուն հրադադարը խախտվել է այսօր վաղ լուսաբացին՝ 03:40-ի սահմանում: Հենց այդ ժամանակ էլ ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի փոխանցմամբ՝ թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։

Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Խաղաղ բնակիչներին թիրախավորելը ադրբեջանական զինուժի ավանդական գործելաոճն է:

Չնայած գիշերային ու վաղ առավոտյան թեժ մարտերի ու հակառակորդի կրած զգալի կորուստների՝ հայկական կողմը կորուստներ չունի:
Հայկական ստորաբաժանումները հակառակորդին հասցրել են հուժկու հարվածներ՝ խոցելով տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր: Հակառակորդը հենց այդ կրակային դիրքերից է հրետակոծվել մեր բնակավայրերն ու դիրքերը:

Լարվածությունը սահմանին թուլացել է ժամը 10.00-ի դրությամբ:
Առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ։

Նախարար Տոնոյանը ներկայացրել է ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ զոհեր ու վիրավորներ։ Հավելել է, որ ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները բոլոր առկա ուժերով և միջոցներով տապալվում են: