ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
13 Jul 2020

Համավարակի 2-րդ ալիքի բռնկման դեպքում երկրները կվերադառնան արգելափակումներին


Մինչև տարեվերջ համավարակի՝ 2-րդ ալիքի բռնկման դեպքում երկրները կրկին կվերադառնան արգելափակումների սահմանմանը։ Այդ դեպքում համաշխարհային համախառն արտադրանքը կգրանցի 7,6 տոկոս անկում, իսկ 2021 թ․ կգրանցի 2,8 տոկոս աճ։

Այս եւ տնտեսական այլ զարգացումների մասին կանխատեսումներ է արել Տնտեսության համագործակցության և զարգացման միջազգային կազմակերպությունն իր՝ «Տնտեսական հեռանկարներ, 2020 հունիս» զեկույցում։ Կազմակերպության անդամ երկրներում գործազրկության մակարդակը կկրկնապատկի՝ հասնելով 10 տոկոսի, 2021 թ․ այս ցուցանիշը փոքր-ինչ կբարելավվի։

Զեկույցում առանձնացվնում է 2 հավանական սցենար՝ համայնավարակի 2-րդ ալիք՝ նոր լոքդաուններով, որը տեղի կունենա 2020 թ․ վերջում, իսկ մյուս սցենարով բացառվում է նման խոշոր բռնկումը։ Օրինակ՝ մեծ յոթնյակի երկրներից Ֆրանսիայում առաջին սցենարի դեպքում 2020 թ․ համար կանխատեսվում է 14,1 տոկոս տնտեսական անկում, իսկ Իտալիայում եւ Մեծ Բրիտանիայում՝ 14 տոկոս անկում։

Առողջապահական այս համաշխարհային ճգնաժամը հանգեցրել է մոտ 100 տարվա կտրվածքով ամենախոր տնտեսական ռեցեսիայի և շարունակում է բացասաբար ազդել մարդկանց աշխատանքի, առողջության և կենսամակարդակի վրա։ Ըստ ՏՀԶԿ հետազոտության՝ կառավարությունների մեծամասնության ձեռնարկված արգելափակումների արդյունքում հաջողվել է դանդաղեցնել վիրուսի տարածման տեմպը և նվազեցնել մահերի թիվը, բայց դրա հետ մեկտեղ սառեցվել է բիզնես գործունեությունը բազմաթիվ ոլորտներում, խորացել անհավասարությունը, խաթարվել ապագայի նկատմամբ վստահությունը։ Սահմանափակումների թուլացմանը զուգահեռ տնտեսական վերականգնման ուղին մնում է խիստ անորոշ և խոցելի համավարակի 2-րդ ալիքի բռնկման համար: