Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի սանձազերծած գործողությունների քրոնիկոնը
Հայ-ադրբեջանական սահմանը երեկվանից անհանգիստ է: Հակառակորդը կրկին անցել է սադրանքների: Նախ երեկ կեսօրին՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով փորձել են Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը հատել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո հակառակորդի զինվորները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Ժամը 13:45-ին նրանք կրկնել են մեր զինուժի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:
Ավելի ուշ սոցիալական ցանցերում հայտնվեց ադրբեջանական զինված ուժերի խոցված «ՈՒԱԶ» մեքենայի լուսանկարները: Հայկական դիրքերին չհասած ադրբեջանական «ՈՒԱԶ» հենց այս տեսքն ուներ։
Այնուհետեւ, արդեն ուշ երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Տարբեր ինտենսիվությամբ կրակոցները շարունակվել են տեւական ժամանակ: Հայկական զինված ուժերը թիրախավորվել են միայն ադրբեջանական զինուժի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։ Ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ մեր զինվորները կրակ չեն վարել։
Մինչեւ ուշ գիշեր տեւած հրետակործությունը դադարել է երկու-երեք ժամ, որից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։
Հակառակորդն ունի զոհեր եւ վիրավորներ, հայկական կողմը կորուստներ չունի: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։