ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
11 Jul 2020

Առանց հանրային քննարկումների եւ ընդդիմանալու հնարավորության ԱԺ-ն ընդունել է աղմկահարույց օրենքներ

Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ընդունվեցին մի շարք աղմկահարույց օրենքներ, վավերացվեցին ոչ պակաս աղմկահարույց կոնվենցիաներ, որոնք այլ պայմաններում, գուցե, այդպես հեշտությամբ չընդունվեին ու չվավերացվեին: Առանց հանրային քննարկումների եւ ընդդիմանալու հնարավորությունների իշխանությունները ընդունեցին հետեւյալ օրենքները:

Բոլորին հայտնի ու մոտ 2 տարի քննարկված ու քննադատված վեթինգի մասին օրինագծի վերաբերյալ, նախորդ տարի ՀՀ վարչապետը հայտարարեց՝ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է վեթինգի ենթարկվեց: Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ հանրությունը պետք է ամբողջական տեղեկություն ունենա դատավորի քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական ու պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Մեկ տարի անց, սակայն, մոտեցում փոխվեց: «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում կուսումնասիրվի բացառապեց 2017 թվականից ձեռք բերած գույքն ու եկամուտը:

«Հասարակական կազմակերպությունների» մասին նոր օրենքով բոլոր հասարակական կազմակերպությունները պարտավոր են իրենց գործունեությունը, այդ թվում՝ տարեկան ֆինանսական հաշվետվությունները, դարձնել հրապարակային՝ անկախ ֆինանսավորման աղբյուրներից և ձևից: Այսուհետև ՀԿ-ները պետք է ՊԵԿ-ին առանձին հաշվետվություն ներկայացնեն կազմակերպության ղեկավարի, անդամների և կամավորների թվի, ստացած գումարների և դրանց ծախսի, իրականացված և իրականացվող ծրագրերի մասին տեղեկություն: Այն ՀԿ-ները, որոնք հաշվետվություն չեն ներկայացնի կտուգանվեն: