ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
10 Jul 2020

Թող 1-2 ոստիկան գան, վերահսկեն ռեստորանային միջոցառումները․ ոլորտի ներկայացուցիչների բողոքը՝ Կառավարությանը

Տասնյակից ավելի բերման ենթարկվածներ, կասեցված բողոքի ակցիա։ Սա իշխանության հերթական պատասխանն էր այն բողոքի, որ արդեն մի քանի անգամ է՝ տարբեր ձեւաչափերով բարձրաձայնում են ռեստորանային համալիրների, հանդիսությունների անցկացման եւ ոլորտի մոտ երկու տասնյակ մասնագիտության ներկայացուցիչները։ 


Մարտից ուժի մեջ մտած արտակարգ դրությունն ամենից մեծ հարվածը հասցրել է հենց այս ոլորտին․ եթե բիզնեսի շատ ճյուղեր այսօր այս կամ այն չափով աշխատում են, ապա այս ոլորտն ամբողջովին կաթվածահար է եղել, շատ ռեստորաններ էլ ուղղակի փավել են։ Կառավարության շենքի մոտ հուլիսի 9-ին փոքրաթիվ խմբով ավելի քան մեկ ժամ ինքնաբուխ ակցիա անցկացնելու ընթացքում Գործադիր մարմնից որեւէ արձագանք չեղավ։

Միջոցառումների անցկացման եւ ռեստորանային գործունեության ոլորտի աշխատակիցների թիվն անցնում է 20 հազարը։ Նրանցից շատ քչերն էին մասնակցում բողոքի ակցիային՝ փորձելով պահել միջանձնային պատշաճ հեռավորությունը։ Սակայն դա բավարար չէր ոստիկաններին, որոնք բերման էին ենթարկում ում պատահի՝ լիներ պատահական անցորդ, թե ակցիայի մասնակից։
Միջոցառումների կազմակերպիչներից ոմանք օգտվել են Կառավարության աջակցության՝ 20-րդ ծրագրից, սակայն մեծ մասը լուսանցքում է հայտնվել՝ տարբեր պատճառներով ու հիմա էլ սոցիալական լուրջ խնդիրների առջեւ է կանգնել։

Երբ բացվեցին հանրային սննդի մի շարք օբյեկտներ, նրանց թվում էին՝ նարգիլե սպասարկող կենտրոնները։ Նրանց բացումը թույլատրվեց պայմանով՝ այս ակումբները չպետք է սպասարկեին նարգիլե։

Պատկան մարմինները պարբերաբար հրաժարվում են հանդիպել ռեստորանային եւ միջոցառումների անցկացման ոլորտի ներկայացիչների հետ՝ պատճառաբանելով, թե արտակարգ դրության պայմաններում դա անհնարին է։ Այս պատճառաբանությունը տուժած ոլորտի ներկայացուցիչներն ավելի քան աբսուրդ են համարում, քանի որ իրենց խնդիրը հիմա պետք է լսել, այլ ոչ թե արտակարգ դրությունից հետո, երբ ստեղծված բոլոր խնդիրներն, ըստ էության, էլ չեն լինի։