Արտակարգ դրության տեսանելի հետեւանքներն ու անտեսանելի արդյունքները
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ու հանրային առողջապահության ոլորտի հնարավոր ճգնաժամից խուսափելու համար կառավարությունը մարտի 16-ին Հայաստանում հայտարարեց արտակարգ դրություն, որն այնուհետեւ երկարացրեց երեք անգամ: Մոտ չորս ամիս շարունակվող Արտակարգ դրության ռեժիմը կերակարաձգվի նաեւ չորրորդ անգամ:
Արտակարգ դրություն հայտարարելուց օրեր անց էլ իշխանությունները որոշեցին կորոնավիրուսի դեմ պայքարել նոր տեխնոլոգիաների միջոցով: Մասնավորապես՝ սմարթֆոնների միջոցով պարզել քաղաքացու գտնվելու վայրն ու հետեւել նրա տեղաշարժին: Հիմնավորեցին՝ այսպիսով պարզելու են բացառապես վիրուսով վարակված անձի կոնտակտավորներին: Այս նպատակին հասնելու համար էլ ԱԺ ընդունեց երկու օրինագիծ՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին»:
Արտակարգ դրության պայմաններում սահմանափակվեցին նաև խաղաղ հավաքների ազատությունը: Քաղաքացիներն ու քաղաքական ուժերը չորս ամիս է զրկված են բողոքի ցույցեր իրականացնելու սահմանադրական իրավունքից:
Հունիսի 3-ին էլ պարետատունը հրապարակեց նոր որոշում, ըստ որի՝ բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է: Այս որոշման առանցքային հիմնավորումը վիրուսի տարածումը կանխելն էր: Սակայն ուշագրավն այն էր, որ մինչև հունիսի 3-ը, երբ դիմակը պարտադիր չէր՝ հաստատված կորոնավարակի ամենամեծ թիվը 460 էր: Մինչդեռ դրանից հետո եւ արդեն մեկ ամսից ավելի է այդ թվերը ոչ միայն չեն նվազում, այլ հաճախ նորանոր հակառեկորդներ են գրանցում: