ՄԻԵԴ-ը գրանցել է ՍԴ նախագահի ու 3 դատավորների գանգատը և հարցաշար է ուղարկել ՀՀ կառավարությանը
Հրայր Թովմասյանը և ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը օրեր առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ էին ներկայացրել: Երեկ էլ հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ն արդեն գրանցել է գանգատն ու հարցաշար ուղարկել ՀՀ կառավարությանը՝ ՍԴ նախագահի եւ անդամների լիազորությունների դադարեցման հիմքերի ու ընթացակարգի վերաբերյալ։
ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվության վարչությունից էլ հայտնել են, որ կառավարությունն այդ բողոքի վերաբերյալ ՄԻԵԴ-ից հարցադրումները ստացել է և պատասխաններն արդեն ուղարկել է ՄԻԵԴ: Հարցերի բովանդակության մասին մանրամասներ չեն ներկայացվել։
ՍԴ դատավորների պաշտոնանկության վերաբերյալ ՄԻԵԴ-ի հնարավոր որոշմանն է անդրադարձել սահմանադրագետ Լուսինե Հակոբյանը՝ հույս հայտնելով, որ այն չի լինի ՍԴ նախկին դատավորների օգտին․
«Դե ինչ, կարծում եմ, որ սա լինելու է այս խմբակի հերթական խայտառակությունը ու հուսով եմ, որ ՄԻԵԴ-ից ևս մեկ ապտակ ստանալուց հետո Հրայր Թովմասյանն արդեն իսկապես հրաժարական կներկայացնի»:
Սահմանադրական դատարանի նախագահի և 3 դատավորների գործերն ամենայն հավանականությամբ եզրափակվելու են նրանց կոնվենցիոնալ իրավունքների խախտման արձանագրմամբ։ Սա էլ սահմանադրագետ Գոհար Մելոյանի կանխատեսումն է:
«Կարծում եմ՝ հաշվի առնելով Վոլկովն ընդդեմ Ուկրաինայի, Բական ընդդեմ Հունգարիայի եւ այլ գործերով Եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները և ձևավորած իրավակիրառ պրակտիկան՝ Սահմանադրական դատարանի նախագահի եւ 3 դատավորների գործերն ամենայն հավանականությամբ եզրափակվելու են՝ Եվրոպական դատարանի կողմից դատավորների կոնվենցիոնալ իրավունքների խախտումը արձանագրելով»։
Մանրամասները՝ տեսանյութում։