ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
04 Jul 2020

ԱՄՆ-ն այսօր նշում է երկրի գլխավոր տոնը՝ անկախության ու ինքնիշխանության տարեդարձը

Անկախության հռչակագիրը ԱՄՆ կոնգրեսն ընդունել է 244 տարի առաջ հուլիսի 4-ին: 1776 թվականին ընդունված այդ հռչակագիրը պատմության մեջ առաջին փաստաթուղթն էր, որը հռչակում էր ժողովրդական ինքնիշխանության սկզբունքները՝ որպես պետական կառույցի հիմքեր` հերքելով իշխանության աստվածային ծագումը: Անկախության հռչակագիրը հաստատում էր ժողովրդի` ապստամբության ու բռնապետական կառավարությունը գահընկեց անելու իրավունքը, հռչակում էր դեմոկրատիայի սկզբունքները` մարդկանց հավասարությունը:

Հռչակագրի նախնական տարբերակը Կոնգրեսն ընդունել էր 1776-ի հուլիսի 2-ին, այնուհետեւ այն փոփոխվել ու վերջնական տարբերակը հավանության է արժանացել հուլիսի 4-ին: Եւ միայն հռչակագրի ընդունումից գրեթե 100 տարի անց՝ 1870 թվականին է ԱՄՆ կոնգրեսը հուլիսի 4-ը հայտարարել պետական տոն: Շատ ամերիկացիներ տոնն անվանում են հենց ամսաթվով՝ Հուլիսի 4:
Անկախության հռչակագիրը կազմել է «Հնգյակ միությունը»՝ Թոմաս Ջեֆերսոնի գլխավորությամբ։ Հռչակագրի համահեղինակներից Ջոն Ադամսը հուլիսի 3-ին կնոջը գրել է.

1776 թվականի հուլիսի երկրորդ օրը Ամերիկայի պատմության մեջ ամենահիշարժան օրն է դառնալու։ Ես հակված եմ կարծելու, որ այդ օրը հաջորդ սերունդների կողմից կնշվի ամենամյա շքեղ միջոցառումներով։ Այդ օրը պետք է տոնվի մեծ զորահանդեսով, խաղերով, սպորտային մրցույթներով, համազարկերով, զանգերի ղողանջով, խարույկներով, զարդերով, այն պետք է նշվի ողջ երկրամասով և բոլոր ժամանակներում:
Ջոն Ադամսը չէր սխալվել: Ամերիկացիների տասնյակ սերունդներ հենց այդպես էլ նշել ու նշում են Անկախության օրը:

Ուշագրավ է, որ փաստաթղթի երկու հեղինակները` Թոմաս Ջեֆերսոնն ու Ջոն Ադամսը, մահացել են նույն օրը` 1826 թ. հուլիսի 4-ին՝ հռչակագրի ստորագրումից ուղիղ 50 տարի անց: