ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
03 Jul 2020

Հայ-թուրքական սահմանային հարաբերություններում շինարարական առաջընթաց է նշմարվում

Հայ-թուրքական սահմանային հարաբերություններում շինարարական առաջընթաց է նշմարվում: Թուրքիան Հայաստանի հետ սահմանին շինարարական աշխատանքներ է նախաձեռնում: Թուրքերը պատրաստվում են վերակառուցել Ախուրյան գետի վրա գտնվող Անիի պատմական ավերված կամուրջը։

Կամրջի հենարաններից երկուսը գտնվում են Ախուրյանի հայաստանյան ափին, բայց պաշտոնական Երևանը, առայժմ, որևէ կերպ չի արձագանքել շինաշխատանքների վերաբերյալ տեղեկությանը: Փոխարենը՝ հայկական կողմն էլ իր հերթին է շինարարությունն նախատեսում:  

Այս ամենին զուգահեռ էլ Թուրքիան նոր թափ է հաղորդում Հայոց Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով նոր կառույց  է ձեւավորվում, որ պետք է զբաղվի Հայոց ցեղասպանության հարցերով նոր մարտավարության մշակմամբ, ինչպես նաև միջազգային հարթակներում այդ թեմայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին պատասխան քայլեր նախաձեռնելու գործառույթով։

Թուրքական մամուլը գրում է, որ այդ նոր կառույցի ստեղծման գաղափար ծագել է ամիսներ առաջ, երբ ԱՄՆ կոնգրեսի երկու պալատներն ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձեւեր, իսկ ամերիկյան դատարաններում ավելի վաղ սկսել էին քննել Թուրքիայի դեմ հայերի ներկայացրած հայցերը։