Ռեստորանային ոլորտի 50 հազարանոց բանակի մոտ քառորդ մասն այս պահին գործազուրկ է․ Աշոտ Բարսեղյան
Զբոսաշրջություն, հյուրանոցային բիզնես և հանրային սնունդ․ սրանք համայնավարակի հետևանքով ամենաշատ տուժած ոլորտներն են։ Հանրային սննդի ոլորտի փորձագետ, ռեստորատոր Աշոտ Բարսեղյանի գնահատմամբ՝ ռեստորանային բիզնեսն այս պահին գտնվում է կատաստրոֆիկ ծանր վիճակում, իսկ ներկա անորոշությունն ավելի է սրում իրավիճակը:
Ռեստորատորների այս մտահոգություններն առավել խորացան, երբ օրեր առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դիմեց քաղաքացիներին՝ սրճարան-ռեստորանային այցելությունները դադարեցնելու կոչով: Թորոսյանն ասաց՝ դրանք միակ տեղն են, որտեղ հնարավոր է լինել առանց դիմակի և վարակել միմյանց։ Այս կոչին արագ արձագանքեց Ռեստորանների հայկական միությունը:
«Կառավարության անդամի մակարդակով նման կատեգորիկ հայտարարությունը լրջորեն մտահոգում է մեր ոլորտի ներկայացուցիչներին։
Հանրային սննդի ձեռնարկությունները գործում են պարետատան կողմից մշակված հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանման պայմաններում, իսկ չպահպանողների նկատմամբ կա կանխարգելիչ միջոցառումների լայն գործիքակազմ, որը մինչ այսօր խստորեն կիրառվել է։
Վաճառքների բազմապատիկ անկման պայմաններում մի կերպ գոյատևող հանրային սննդի ընկերությունների համար նման կատեգորիկ կոչը մահվան դատավճռի է նման՝ ոլորտում ներգրավված տասնյակ հազարավոր մարդկանց համար աշխատանքի կորստի անխուսափելի հետևանքներով։
Կոչ ենք անում ՀՀ կառավարության համապատասխան մարմիններին շտապ քննարկում սկսել մեր ոլորտի ներկայացուցիչների հետ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր գտնելու շուրջ»։
Աշոտ Բարսեղյանը համոզված է՝ ռեստորան չայցելելու կոչը նախարար Թորոսյանի հերթական անպատասխանատու, չմտածված քայլերից էր։ Ստեղծված իրավիճակից մասնագետը երկու ելք է տեսնում՝ կամ ազատականացնել տնտեսությունը, կամ էլ գնալ չոր կարանտինի:
Մանրամասները՝ տեսանյութում։