ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
01 Jul 2020

Վրաստանում ընդունել են սահմանադրական փոփոխությունների նախագիծը

Արտահերթ նիստում, երեք ընթերցմամբ ու ամբողջությամբ Վրաստանի խորհրդարանն ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ըստ այդմ՝ հոկտեմբերի 31-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանն արդեն կձեւավորվի նոր սկզբունքներով:

Ըստ սահմանադրական նոր փոփոխությունների՝ Վրաստանի օրենսդիր մարմնի 150 անդամներից 120-ն ընտրվելու են համամասնական, 30-ը՝ մեծամասնական ընտրակարգով: Խորհրդարանում մանդատ ստանալու համար կուսակցություններին հարկավոր է լինելու հաղթահարել ընդամենը 1 տոկոսանոց անցողիկ շեմը. Մինչ այս փոփոխություններն անցողիկ շեմը հինգ տոկոս էր: Իսկ դաշինքների դեպքում՝ խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ է լինելու հավաքել այնքան տոկոս, որքան կուսակցություն կա տվյալ դաշինքում: Այսինքն՝ եթե դաշինքում կա երեք կուսակցություն, ապա անցողիկ շեմը սահմանվում է երեք տոկոս: Անցողիկ շեմի էական նվազեցումն էապես նպաստելու է բազմակուսակցական խորհրդարան ձեւավորելուն:

Ըստ նոր կարգի՝ ձայների 40 տոկոսը ստանալու դեպքում կուսակցությունը չի ստանա մանդատների 50 տոկոսից՝ այսինքն 75 մանդատից ավելին: Հետևաբար կուսակցությունը ինքնուրույն չի կարողանա կառավարություն ձևավորել, քանի որ կառավարության ձեւավորման համար անհրաժեշտ կլինի նվազագույնը 76 ձայն, ուստի կոալիցիոն կառավարության անհրաժեշտություն կլինի:

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արշիլ Թալաքվաձեն հայտարարել է, որ այս որոշմամբ Վրաստանը ևս մեկ անգամ իր գործընկերներին և հանրությանը ցույց է տալիս, որ պատրաստ է զարգացնելու իր ժողովրդավարությունը։

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան էլ վստահեցրել է, որ այս փոփոխությունները Վրաստանի ամբողջ քաղաքական դաշտի համար ունենալու են դրական և երկարաժամկետ արդյունք:

Ընդդիմադիր կուսակցություններից «Ազգային շարժում»-ը խորհրդարանական քննարկումները բոյկոտել է, իսկ «Եվրոպական Վրաստանը» մասնակցել է միայն առաջին ընթերցման քննարկմանը: Երկու կուսակցությունն էլ իշխանությունից միևնույն պահանջն ունեն՝ ազատ արձակել Գիորգի Ռուռուային, որին նրանք քաղբանտարկյալ են համարում:

Սահմանադրական փոփոխություններն իրենց հերթին առաջացրել են նոր ընտրական օրենսգիրք ստեղծելու պահանջ: Նոր կանոններով պետք է կարգավորվեն կուսակցությունների ֆինանսավորումը, անվճար և վճարովի գովազդային ժամանակը, ընտրակաշառքի դեպքերի համար պատժի սահմանումը, ինչպես նաեւ իգական սեռի ներկայացվածությունը օրենսդիր մարմնում: Վրաստանի խորհրդարանում այսօր 21 կին կա. նոր կարգավորումներով նախատեսում է աստիճանաբար բարձրացնել կանանց ներկայացվածության աստիճանը: