ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
30 Jun 2020

Գիտնականներն ահազանգում են՝ խոզի գրիպի նոր տեսակը հնարավոր է համայնավարակի պատճառ դառնալ

Չինաստանում հետազոտողները հայտնաբերել են խոզի գրիպի նոր տեսակ, որը կարող է նոր համայնավարակի պատճառ դառնալ: G4-անունը ստացած վիրուսը գենետիկորեն ծագել է H1N1 շտամից, որը 2009 թվականին համայնավարակի բռնկման պատճառ էր դարձել:

G4-ով արդեն վարակվել է Չինաստանի խոզաբուծության ոլորտի աշխատակիցների տասը տոկոսը, բայց դեռեւս ապացույցներ չկան, որ այն կարող է փոխանցվել մարդուց մարդու: Հիվանդությունն առաջացել է խոզերի շրջանում, վարակը փոխանցվել է խոզից մարդուն, սակայն հետազոտողները մտավախություն ունեն, որ վիրուսը կարող է մուտացիայի ենթարկվել եւ հեշտությամբ փոխանցվել նաև մարդուց մարդու, ինչն էլ իր հերթին կարող է գլոբալ բռնկման պատճառ դառնալ:

Հետազոտությունները պարզել են, որ վիրուսն ունի բարձր վարակելիություն եւ սեզոնային գրիպի արդյունքում առաջացած իմունիտետը չի ապահովում պաշտպանություն G4 վիրուսից:

ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկագրում նշվում է որ պետք է արագ միջոցներ ձեռնարկել՝ այն կանխելու համար, քանի որ G4-ն ունի համայնավարակի բռնկման բոլոր նախանշաններն ու կարող է սպառնալիք դառնալ մարդկության համար: Գիտնականները նշում են նաեւ, որ անհրաժեշտ է մշտադիտարկման տակ առնել խոզաբուծության ոլորտը:

Մեծ Բրիտանիայի Նոթինգհեմի համալսարանի պրոֆեսոր Քին-Չոու Չանը BBC-ին ասել է, որ հիմա տարված ենք կորոնավիրուսի դեմ պայքարով, սակայն չպետք է անտեսել վտանգավոր նոր վիրուսների տարածման հնարավորությունը։

Առաջին անգամ խոզի գրիպը բռնկվել է 2009 թ. Մեքսիկայում: Նույն թվականի մարտին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց գրիպի նոր ենթատեսակով հարուցված հիվանդության դեպքի մասին: Հետագայում գրիպի այդ նոր` H1N1 ենթատեսակը՝ նույն ինքը՝ խոզի գրիպը, սկսեց արագորեն տարածվել` սկզբում Ամերիկա աշխարհամասում, հետագայում` Եվրոպայում: 2009 թ. հունիսի 11-ին ԱՀԿ-ն հայտարարեց H1N1 վարակի պանդեմիա: Մեկ տարի անց՝ 2010 թվականի օգոստոսին ԱՀԿ-ն այն դասեց սեզոնային գրիպի հասարակ ենթատեսակների շարքին, քանի որ վիրուսը կորցրել էր նախկին ագրեսիվությունն ու պանդեմիկ ներուժը: