ՍԴ շուրջ ստեղծված թնջուկն ավելի է խճճվում
Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը դեռ չի երեւում, ավելին՝ տեղ-տեղ ավելի է խճճվում: Հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրության փոփոխություններով դադարել են Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում, ինչպես նաև ՍԴ դատավորներ Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Ալվինա Գյուլումյանի լիազորությունները։
ՍԴ նախագահի պարտականությունները ժամանակավորապես իրականացնելու է բարձր դատարանի ամենատարեց դատավորը՝ Աշոտ Խաչատրյանը։ ԱԺ պաշտոնականա կայքէջի տեղեկացմամբ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երկու օր առաջ հանդիպել է Աշոտ Խաչատրյանի հետ ու շնորհավորել նրան՝ ՍԴ նախագահի պարտականությունների կատարումը ստանձնելու առթիվ։ Մինչդեռ Աշոտ Խաչատրյանը լրատվամիջոցների հետ զրույցում միանգամայն այլ բան է ասել, մասնավորապես, որ ինքը չի համարվում ՍԴ նախագահի պարտականությունները կատարող:
«Անշուշտ, ես չեմ համարվում ՍԴ նախագահի պարտականությունները կատարող, որովհետև դրա համար անհրաժեշտ է, որ համապատասխան իրավական խնդիրները լուծվեն կամ հաղթահարվեն: Ես ԱԺ նախագահ պարոն Միրզոյանին ներկայացրել եմ այն խնդիրները կամ խոչընդոտները, որոնք անհրաժեշտ է լուծել կամ հաղթահարել Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները ստանձնելու համար: Դրանք են, որ անհրաժեշտ է Ազգային ժողովում օրենսդրական գործընթացներ նախաձեռնել, այդ թվում՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում համապատասխան գործողություններ անելու կապակցությամբ: Միաժամանակ ես նշել եմ, որ պարտադիր խնդիրներից մեկը նաև այն է, որ ՍԴ դատավորի լիազորությունների դադարման համար անհրաժեշտ է ընդունել համապատասխան անհատական իրավական ակտեր: Եվ պարոն Միրզոյանը հավաստիացրել է, որ առաջիկա երկուշաբթի կամ երեքշաբթի օրը այդ խնդիրներին համապատասխան լուծում կտրվի: Իսկ ես՝ որպես ՍԴ դատավոր, ապագայում նաև՝ ՍԴ նախագահի պարտականությունները կատարել ստանձնող անձ, բնականաբար, պարտավոր եմ լինել անաչառ, իմ գործընկեր ՍԴ դատավորների հետ ապահովել Սահմանադրության գերակայությունը և միաժամանակ գործել անկախ: Սա է այսօր Արարատ Միրզոյանի հետ հանդիպման մեր զրույցի բովանդակությունը»:
Ավելի վաղ էլ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը լրատվամիջոցներին ասել էր, որ ՍԴ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը։
«Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահը, կարգադրություն է ստորագրել արձակուրդ գնալու մասին և այդ կարգադրությամբ նշել է, որ դատարանի նախագահի պարտականությունները կատարում է տիկին Գյուլումյանը»:
Մանրամասները՝ տեսանյութում