Լուսավորը չբռնեց Բարգավաճի ձեռքը, նրանցից մեկն էլ վերջին հրաժեշտը տվեց նախագահին
Ազգային ժողովի իշխող խմբակցությունն այս շաբաթվա սկզբին ափալ-թափալ նստաշրջան հրավիրեց, արտակարգ ռեժիմով քննարկումներ արեց ու նույնն օրն էլ երկու ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
Ըստ այդմ՝ դադարեցվելու են 12 տարուց ավելի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները, և թափուր տեղերը լրացնելուց հետո էլ դատավորներն իրենց կազմից ընտրելու են ՍԴ նոր նախագահ։
Խորհրդարանական ընդդիմությունն այս քվեարկությանը չմասնակցեց, բայց անգործ էլ չնստեց. մասնավորապես «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ստորագրահավաք նախաձեռնեց նախագծի ընդունման սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու համար:
Դիմումի համար կանաչ լույս կվառվի, եթե հավաքվի պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրությունը. ահա այստեղ անհրաժեշտ է լինում նաև «Լուսավորի» օգնությունը:
Մինչ խմբակցությունները քննարկման փուլում էին ՀՀ նախագահը ստորագրեց ՍԴ իրավիճակի լուծման նախագծին զուգահեռ ընդունված մեկ այլ օրինագիծ: Իսկ սա ենթադրում է, որ սահմանադրության փոփոխությունների նախագիծը կարող է ուժի մեջ մտնել առանց Արմեն Սարգսյանի ստորագրության:
Իրավաբան Ռուբեն Մելիքյանն էլ այս համատեքստում գրառում արեց՝ նշելով՝ նախագահ Արմեն Սարգսյանը «ինքնամոռաց» աշխատում է. գիշերվա կեսին ստորագրել է Սահմանադրական փոփոխությունները ստորագրելու կամ ՍԴ ուղարկելու լիազորությունից նախագահին, այսինքն՝ ինքն իրեն զրկելու մասին օրինագծերը։
«Փաստորեն, հաստատվում է այն վարկածը, որ Սահմանադրական կարգը տապալելու ու ՍԴ լիազորությունները յուրացնելու հարցում եղել է հստակ նախնական պայմանավորվածություն։ Այս պահին միակ չպարզաբանված հարցն այն է մնացել, թե արդյո՞ք պայմանավորվածությունը եղել է երկկողմ, թե՞ եռակողմ։ Դա էլ կպարզաբանվի մի քանի ժամից»,- գրել է Մելիքյանը։
Նաիրա Զոհրաբյանն էլ հրաժեշտի նամակ գրեց ու հրաժեշտ տվեց ՀՀ նախագահին:
Մանրամասները՝ տեսանյութում