Քաղավացիան չի հրապարակում EASA զեկույցը․ Հակոբ Ճաղարյանը հակադարձում է ՀՀ իշխանություններին
Հերթական սո՞ւտ, թե՞ անմեղսունակություն։ ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, ՀՀ առաջին մասնավոր ավիաընկերություններից մեկի` «Ֆենիքս Ավիայի» հիմնադիր Հակոբ Ճաղարյանը նման բնորոշում է տվել իշխանությունների այն մեկնաբանությանը, որն արվել է ԵՄ նորանշանակ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի տեսակոնֆերանսից հետո։
Տեսակապի ժամանակ դեսպան Վիկտորինը, կարևորելով ավիացիոն խնդիրները բացառելու ուղղությամբ համակարգային և թիրախավորված աշխատանքը, նշել է, որ այս հարցը վերջին մեկուկես տարվա խնդիր չէ, դրանք բացառելու ուղղությամբ երկար ժամանակ համապատասխան քայլեր չեն արվել: Նա նաեւ ասել է, որ առկա իրավիճակը կարելի է դիտարկել՝ որպես հնարավորություն, որպեսզի Հայաստանն իր ավիացիոն անվտանգության մակարդակը բարձրացնի և ավելի ուժեղ դուրս գա ստեղծված իրավիճակից:
Հակոբ Ճաղարյանը նկատում է, որ դեսպանի խոսքերն ընդամենը դիվանագիտություն է, եւ Վիկտորինը հայ պաշտոնյայի հետ իր առաջին առցանց կոնֆերանսի ժամանակ այլ բան չէր էլ ասի, հատկապես երբ տիկին դեսպանը ավիացիայի ոլորտի մասնագետ չէ։
Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալությունը և Եվրամիությունը ՔԱԿ-ում և ՀՀ երկու ավիաընկերություններում այս տարվա փետրվարին իրականցրած ստուգումների արդյունքում եզրակացրել էին, որ առկա է ԵՄ օդային տարածքի անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգներ, որոնց ռիսկերը կառավարելու համար Եվրահանձնաժողովի կողմից կիրառվել է ժամանակավոր անհապաղ միջոց՝ արգելելով ավիափոխադրողների գործունեությունը ԵՄ օդային տարածքում։ Սրան հաջորդել է մեր քաղավիացիայի կողմից վերահսկվող ավիափոխադրողներին Օդային անվտանգության ցուցակում ներառելը։
Հակոբ Ճաղարյանը կոչ է անում, իր ձեւակերպմամբ, այս աչքակապությանը վերջ տալու համար ուղղակի հրապարակել Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալության զեկույցը, մանավանդ որ այն պետական գաղտնիք չի պարունակում, իսկ ՀՀ ՔԱԿ-ը պետական մարմին է և իր գործունեության գնահատականի հաշվետվությունն ու թափանցիկությունը պարտադիր է: