ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
23 Jun 2020

Դատարանի մերժումից հետո ԱԱԾ-ն քաղաքացիների օգնության կարիքն ունի

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին անձեռնամխելիությունից զրկելու և կալանավորման թույլտվության միջնորդությունների քննությունն ԱԺ-ում գլխավոր դատախազի համար շատ բուռն էր: Արթուր Դավթյանը նախ ներկայացրեց միջնորդության հիմքը, որն, ըստ էության, ԱԱԾ տարածած հաղորդագրության կրկնությունն  էր։

Հետո դատախազը պատասխանեց հարցերին, որոնցից ամենասուրը հնչեցրեց Նաիրա Զոհաբյանը։

«Դուք պնդու՞մ եք, որ այն, ինչ այսօր անում եք, իրավական գործընթաց է, ոչ թե քաղաքական հաշվեհարդար: Մի հարց էլ՝ Դուք անհարմար չե՞ք զգում»,- հարցրեց պատգամավորը։

Ի պատասխան՝ Դավթյանն էլ հույս հայտնեց, որ Զոհրաբյանն իր հարցի պատասխանը լավ գիտի: Խորհուրդ էլ տվեց՝ էմոցիոնալ հայտարարություններ չանել։

«Հանցանք կատարած յուրաքանչյուր անձ, անկախ բոլոր չափանիշներից, պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»,- ասաց գլխավոր դատախազը։

Չնայած խորհրդարանական ընդդիմության բոյկոտին՝ իշխող ուժի և մեկ անկախ պատգամավորի 87 ձայնը բավական էր միջնորդությունների բավարարման համար: Այնուհետեւ դրան հաջորդեց դատական նիստը, որը տեւեց 3 օր, որն էլ, ի վերջո, մերժեց Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը:

ԱԱԾ-ն Ծառուկյանին վերաբերող 3 քրեական գործ է հարուցել, որոնցից մեկով էլ՝ ընտրակաշառքի գործով, միջնորդել է նրան կալանավորել։ Արթուր Դավթյանն էլ ԱԺ ամբիոնից ներկայացրել է հենց կաշառքի գործի մանրամասները՝ որպես միջնորդության հիմք։ Չնայած ԱԱԾ-ն եւ Գլխավոր դատախազը վստահ էին, որ իրենց ներկայացրած հիմքերը բավարար էին Ծառուկյանին կալանավորելու համար, այսուհանդերձ դատարանի մերժումից հետո ուժային կառույցը օգնության ակնկալիքով դիմել է քաղաքացիներին: 

ԱԱԾ նաև տեղեկացնում է, որ դատախազությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկելու է Վերաքննիչ քրեական դատարանում։