Քաղաքական ուժեր, որոնք հակակշռում են Փաշինյանի իշխանությանը
Ի հակակշիռ գործող իշխանության՝ սկսել են ձեւավորվել նոր կուսակցություններ, որոնք հավակնում են դառնալ քաղաքական դաշտի հիմնական խաղացողներ։ Նախկինում ակտիվությամբ աչքի ընկնող կուսակցություններից այսօր քչերին կարելի է տեսնել քաղաքական թատերաբեմում։
Հավակնոտ քաղաքական նոր ուժերից է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ նորաստեղծ «Հայրենիք» կուսակցությունը։ Այս տարվա մայիսի 30-ի արտահերթ համագումարի ժամանակ հայտարարվեց, որ «Հայրենիքը» կենտրոնամետ՝ աջ ուղղվածությամբ կուսակցություն է, որն իր գործունեության հիմքում դրել է ավանդույթների ու առաջընթացի համադրման գաղափարը: Ներկա փուլի գլխավոր օրակարգը՝ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը համարում է գործող իշխանությունների հեռացումը։ Նպատակին հասնելու համար մտադիր են քաղաքական ակտիվ խորհրդակցություններ անցկացնել և ձեւավորել նոր ազգային համաձայնության կառավարություն։
Արթուր Ղազինյանի գլխավորած «Մեկ Հայաստան» ցենտրիստական կուսակցությունը քաղաքական դաշտ մտնելու հայտ ներկայացրեց 2019 թ․ մայիսի 18-ին․ այդ օրը տեղի ունեցած կուսակցության հիմնադիր համագումարը։ Կուսակցությունը միտված է ամրապնդելու ժողովրդավարությունը, ձեւավորելու նոր քաղաքացիական և պետական մտածողություն։
Արդեն երկու տարի գործող «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախումբը՝ Ավետիք Չալաբյանի ղեկավարությամբ, կոչ է արել համախոհներին՝ միանալ իրենց՝ համատեղ ջանքերով ձևավորելու հանրային վստահություն և քաղաքական իշխանության իրացման միջոցով իրականություն դարձնելու ազգային պետությանը վերաբերող հավաքական իղձերը։ Նոր կուսակցությունը զբաղեցնում է հայաստանյան քաղաքական դաշտի ազգային-առաջադիմական, աջակենտրոն հատվածը։
Արտախորհրդարանական ուժերից այս կամ այն կերպ ակտիվություն են դրսեւորում ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն։ Նրանց առանձին անդամների հնարավոր է տեսնել տարբեր բողոքի ակցիաների ժամանակ կամ քաղաքական հայտարարություններ անելիս։ Պարբերաբար իրենց մասին հիշեցնում են նաեւ «Սասնա ծռեր» եւ «Քաղաքացու որոշում» կուսակցությունները՝ հիմնականում քննադատելով իշխանության այս կամ այն քայլերը։
Խորհրդարանական երեք ուժերից երկուսը՝ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները փորձում են ԱԺ-ում հակակշռել իշխանությանը, թեեւ «Բարգավաճ Հայաստանը» Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված քրեական գործով պայմանավորված պայքարը շարունակեց նաեւ ԱԺ-ից դուրս՝ փողոցում։