ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
11 Jun 2020
Ռուսական վարկը մերժվեց․ տնտեսական, քաղաքական հետեւանքները
Կառավարությունն այսօրվա նիստում հրաժարվեց ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի վերազինման նպատակով տրամադրված ռուսական վարկից։ «Այս պահի մնացորդը 107 մլն դոլար է, սակայն աշխատանքներն ամբողջովին ավարտելու համար՝ մենք այժմ նպատակահարմար ենք համարում ՀՀ սեփական միջոցների հաշվին վարկավորում կատարել եւ ծրագիրն ավարտին հասցնելու համար առաջարկվում է պատվիրատունին 2020-22թթ․ ընթացքում ՀՀ բյուջեից տրամադրել 63,2 մլրդ ՀՀ դրամի գումարի չափով բյուջետային վարկ»,- հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Շատ տնտեսագետներ անընդունելի են համարում ռուսական վարկից հրաժարումը՝ նշելով, որ միջուկային էներգետիկան մշտապես եղել է հայ-ռուսական հարաբերությունների անվտանգային առանցքային բաղադրիչներից մեկը, եւ այն հարվածի տակ դնելը հանգեցնելու է ճգնաժամի ոչ միայն էներգետիկ ոլորտում:
Մեծամորի ատոմակայանն ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի 35-40 տոկոսը։ Այժմ կայանը հիմնանորոգվում է՝ շահագործման ժամկետը մինչև 2026 թ․ երկարաձգելու համար: