ԼՐԱՀՈՍ
08 Jan 2025

«Փաշինյանի արձագանքը խայտառակություն է. նման ղեկավար ունենալն ազգային ողբերգություն է». Լիլիթ Գալստյան. 168.am

«Փաշինյանի արձագանքը խայտառակություն է. նման ղեկավար ունենալն ազգային ողբերգություն է». Լիլիթ Գալստյան. 168.am

«Ադրբեջանում լավ գիտեն, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ նրանք Հայաստանում ունեն կամազուրկ և ոչ ադեկվատ ղեկավարություն, որից կորզվում է հնարավորինս ամեն բան, և վաղուց Հայաստանի օրակարգը թելադրվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ խայտառակություն որակելով Ալիևի սպառնալիքներին ի պատասխան՝ Փաշինյանի տված հարցազրույցը:

«Այս ողբերգական իրականությունը զարմացնող չէ, որովհետև 2018 թվականից պետականության կործանման այս ձնագնդին գլորվում է: Եթե մի մարդ հեծանիվն ու Հայաստանի Հանրապետությունը դնում է նույն զուգահեռների վրա, բնականաբար, Ալիևն էլ պետք է ասի՝ այս մարդուն հայրենիք, պետականություն, երկրի ապագա չի հետաքրքրում, վերցնեմ այն, ինչ հնարավոր է: Գիշերը պետք է ՀՀ ԱԳՆ-ն համապատասխան հայտարարություն տարածեր, ԱԽ արտահերթ նիստ հրավիրվեր, այսօր պետք է  ՀՀ-ն ներկայացնող անձը ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմեր, որովհետև Ալիևը շարունակում է իր ագրեսորական վարքագիծը: Քանի որ Փաշինյանի ձեռամբ ագրեսորը լեգիտիմացվեց, ցեղասպանությունը լեգիտիմացվեց և մարսվեց, այսօր Ալիևը Հայաստանին ֆաշիզմի մեջ է մեղադրում. ցեղասպանը և ագրեսորը, որի գնահատականը միջազգայնորեն չտրվեց, որովհետև Նիկոլ Փաշինյանն այդ շահերը սպասարկողն էր»,- ընդգծեց նա:

Լիլիթ Գալստյանի գնահատմամբ՝ պետք է քաղաքական անմեղսունակ լինել Ալիևի հայտարարություններին անլուրջ վերաբերվելու համար. «Մեր ժողովրդի վզին փաթաթվող խաղաղության օրակարգն անքան դատարկ է. էլ ի՞նչ պետք է լինի, որ հայ ժողովուրդը հասկանա՝ թուրք-ադրբեջանական խաղաղություն չի լինում, և նրանք շարունակաբար Հայաստանից կորզում են այն, ինչ ցանկանում են: Թուրքիայի և Ադրբեջանի նպատակը տարածաշրջանից Հայաստանի վերացումն է: Էրդողանը շարունակ ասում է, որ 21-րդ դարը թուրքական աշխարհի դարն է: Սիրիայի նվաճումը հնարավոր դարձավ Արցախի նվաճումից հետո, երբ մարսեցին Արցախի անեքսիան և ցեղասպանությունը: Հիմա նույնը կատարվում է Սիրիայում: Մենք պարարտանյութ ենք դառնում նոր աշխահաքաղաքական ճարտարապետության: Թուրքիան պարտադրող է դառնում, ,և ըստ էության, հաջողում է: Այս վտանգավոր, գերզգայուն միջավայրում դառնալ ֆուդբլոգեր, ինչպիսին Հայաստանի փաստացի ղեկավարն է, ազգային ողբերգություն է»:

Նրա խոսքով՝ պետք է հստակեցնել՝ ուզո՞ւմ ենք պետություն ունենալ, թե՞ ոչ. «Պետք է բացել աչքերը և նայել քարտեզին, տեսնել՝ ինչպիսի միջավայրում ենք ապրում: Մենք տեսնում ենք, որ աշխարհում ցեղասպանության օջախներ կան, արյունոտ ձեռքերը մնում են անպատիժ: Արյունոտ ձեռքերով Ալիևը, որի համար կանաչ լույս վառեց նաև Նիկոլ Փաշինյանը, այսօր Հայաստանում նաև ներքին օրակարգ է թելադրում, իսկ մեր ծաղրածուն Նոր տարվա ուղերձում ասաց՝ Հայաստանն այսօր ավելի անվտանգ է: Հայաստանն ակնհայտորեն կորցրել է դիմադրողականությունը: Պետք է հասկանանք՝ ինչ ռեսուրսներ ունենք և ռազմավարական, ճանապարհային քարտեզով գնանք առաջ: Այստեղ շատ կարևոր է գիտակցել այն բոլոր հարվածները, որոնք Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքով հասցրեց Հայաստանին: Պետք է վերականգնել եռամիասնությունը և ազգային պետական օրակարգեր սահմանել»:

Լիլիթ Գալստյանի համար ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունների օրակարգն  այլևս չի աշխատում. «Եթե իշխանության օրակարգն աշխատեր, այդ անճաշակ ձվածեղը չէր եփի: Այդ աղբը պետք է նետենք մի կողմ: Պետք է բեկել այս ընթացքը: Նոր քաղաքական բովանդակություն է պետք: Պետք փոխել բանակցողին: Քաղաքագիտական տհասություն է մտածել, թե Նիկոլ Փաշինյանը հնարավոր է՝ նոր քաղաքական բովանդակություն բերի: Հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ այս ծաղրածուական էժանագին տեսարաններով չպետք է սնվի: Պատերազմի սպառնալիքը մեր գլխին կանգնած է: Ընդդիմությունը խաղաղությանը դեմ չէ, բայց դա պետք է արժանապատիվ լինի: Այս իշխանությունները բարոյական գծեր չունեն, և վաղ թե ուշ գալու է պատասխան տալու ժամանակը: Վառոդի հոտը գալիս է, մեր թիկունքից դրոնի ձայնն է .լսվում, սրանք շրջաբերականից են խոսում»:

 

Աղբյուրը՝ 168.am