ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
17 Nov 2021

Պատերազմի ամենաթեժ պահին ադրբեջանական ինքնաթիռը թռչում էր ՀՀ օդային տարածքով. օդային սահմանի 1 կմ համար էլ՝ 1 դոլար

Արցախյան պատերազմից ուղիղ մեկ տարի անց ոչ միայն խաղաղության հեռանկարը չի երեւում, այլեւ թշնամին հիմա էլ դիմել է սողացող պատերազմի մեթոդների:  Սյունիքում նախօրեին տեղի ունեցած տեղային մարտերի  հետեւանքով ունեցանք  զոհեր,  վիրավորներ, գերեվարվածներ, անհետ կորածներ ու շուրջ 41 քկմ ՀՀ ինքնիշխան տարածքի կորուստ։  

Ուշագրավ է, որ Սյունիքում ծայրահեղ լարվածության ֆոնին էլ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը արարգելք թռչում էր Հայաստանի օդային տարածքով։

Ադրբեջանի ազգային ավիափոխադրողը AZAL ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը երեկ Բաքվից դուրս է եկել ժամը 17։01-ին և Նախիջևան է հասել 17։54-ին։  Հենց այն նույն ժամանակ, երբ Սյունիքում իրավիճակը գերլարված էր։

Ինչպես երևում է տեսանյութում, ադրբեջանական օդանավը մտել է Հայաստանի Հանրապետության օդային տարածք, անցել է Գեղարքունիքի, Վայոր ձորի և Արարատի մարզերով և մտել Նախիջևան։

Ադրբեջանի ազգային ավիափոխադրողը՝ «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը Հայաստանի օդային տարածքը սկսել է  օգտագործել այս տարվա հոկտեմբերի 6-ից՝  Բաքվից Նախիջևան չվերթեր իրականացնելու համար:

Այս տեղեկությունը հայ հասարակությունը ոչ միանշանակորեն ընդունեց։ Իշխանականներն էլ շտապեցին հանգստացնել հասարակությանն ու գտան իրենց տեսանկյունից օպտիմալ տարբերակը՝ ադրբեջանական ավիաընկերությունը ՀՀ օդային տարածքից օգտվելու համար գումար է հատկացնելու։

Գումարն էլ Հայաստանին է փոխանցվելու միջնորդավորված Եվրոկոնտրոլ միջազգային կազմակերպության մայրուղային գանձումների կենտրոնական գրասենյակի միջոցով: Մնում է հասկանալ՝ որքան է ստանում Հայաստանն Ադրբեջանի առջեւ իր օդային դարպասները բացելու համար: Ոլորտի մասնագետներն էլ պնդում են, որ 1 կմ օդային ուղու համար Հայաստանին մոտավորապես 1 դոլար են վճարում: