ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
15 Nov 2021

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել 4 մարտական դիրքերից․ ՀՀ ԱԽ

Թշնամին օրեցօր ավելի ու ավելի է սեղմում Սյունիքի շուրջ օղակն ու հաջողությամբ դիրքավորվում է ՀՀ ինքնիշխան տարածքի բարենպաստ դիրքերում ու հատվածներում: ՀՀ ԱԱԾ-ն երեկ հայտարարեց, որ Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմն անցակետ է տեղադրել։  Նույն ծառայությունից հայտնեցին նաեւ, որ հայկական կողմը ևս նշված ավտոճանապարհին կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր։ Այսպիսով, մի քանի հայկական գյուղեր բառի ուղիղ իմաստով կտրվում են արտաքին աշխարհից և Կապան հասնելու համար այդ գյուղերի բնակիչները ստիպված կլինեն 8 կմ-ի փոխարեն կտրել-անցնել 149 կմ: Հայաստանի իշխանությունները խոստացել են շրջանցիկ ճանապարհ կառուցել մինչև տարեվերջ:

Պաշտոնական Բաքուն առայժմ չի մեկնաբանում իրավիճակը։ Հայկական ոչ պաշտոնական աղբյուրներն էլ հայտնում են, որ նշված ճանապարհին են գտնվում Ադրբեջանի 100-120 զինծառայողներ:

Ադրբեջանական իշխանական աղբյուրները գրում են, որ Ադրբեջանը նման գործողությունների է գնում ի պատասխան այն բանի, որ  Հայաստանը հրաժարվում է միջանցք տրամադրել։   

Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունից նաև հայտնեցին, որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Նախարարությունից նաև հերքել էին տարածված տեղեկությունն այն մասին, որ սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա է մտել։ Այսօր արդեն ՀՀ Ազգային անվտանգության խորհրդից ՊՆ-ի հայտարարությանը հակասող հաղորդագրություն են տարածել, ըստ որի,  Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայով ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:  Բացի այս այսօր տեղի է ունեցել նաև Անվտանգության խորհրդի նիստ։    

 

Նիստից հետո Անվտանգության խորհրդը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: Հաղորդագրության մեջ նախ նշվում է, որ ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զորքը դուրս է եկել ՀՀ տարածքից: Այնուհետև հաջորդ իսկ տողում ասվում է, որ  ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից։ Սրան էլ հաջորդում է հաջորդ շփոթեցնող նախադասությունը, այն է՝ տվյալ հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռևս մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ: Այսպիսով, սահմանային իրավիճակի վերաբերյալ հայ հասարակությանն իրազեկ պահելու քողի տակ, Անվտանգության խորհուրդն  ավելի է խճճում ամեն ինչ ու հասարակությանը գցում ինֆորմացիոն ծուղակի մեջ։ 

Այս ամենին զուգահեռ էլ, այսօր ադրբեջանական կայքերը մի տեսանյութ են հրապարակում՝ նշելով, թե այն նկարահանված է այն դիրքերում, որտեղ նրանք երեկ դիրքավորվել էին։