Վայրի կենդանիներ ուտելը` հիվանդությունների առաջացման պատճառ
Վայրի կենդանիների միսը շատ երկրներում եւ շատ վաղուց համարվել է սննդի աղբյուր և էկզոտիկ ճաշատեսակների բաղադրիչ։
Վայրի կենդանիների մսի վաճառքի շուկաները մեծապես տարածված են Աֆրիկայում, Ասիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում։ Մասնագետներն ահազանգում են՝ դրանք կարող են հիվանդությունների տարածման նոր աղբյուրներ դառնալ:
Օրինակ՝ չղջիկների մսով կերակուրները շատ հարգի են Սինգապուրում, Ինդոնեզիայում, Թայլանդում, Վիետնամում։ Օձերն էլ Հնդկաստանում են էկզոտիկ ուտեստ համարվում: Իսկ օձաձուկն էլ հարգի է ճապոնական ազգային խոհանոցում։
Ճապոնական, ինչպես նաև վիետնամական խոհանոցում գորտի մսով ուտեստը բավական տարածված եւ թանկարժեք ճաշատեսակ է։
Վերջին 40 տարում Չինաստանի կառավարությունը խթանել է վայրի կենդանիների մսի վաճառքը՝ այն համարելով գյուղատնտեսության զարգացման կարևոր բաղադրիչներից։
Նոր տեսակի կորոնավիրուսի առաջացման հիմնական վարկածն այն է, որ վարակը չղջիկից է փոխանցվել մարդուն՝ համայնավարակի էպիկենտրոն համարվող Ուհանի կենդանիների շուկայում։ Ավելի ուշ Չինաստանն արգելեց վայրի կենդանիների որսը, դրանց ապօրինի վաճառքն ու որոշ կենդանատեսակների օգտագործումը:
Վայրի կենդանիների համաշխարհային հիմնադրամի վաշինգտոնյան մասնաճյուղի պատասխանատուներից Քրոֆորդ Ալանն ասում է՝ լավ կլիներ, որ Չինաստանի օրինակին հետևեին աշխարհի մյուս երկրները եւս, որտեղ տարածված է վայրի կենդանիների մսի օգտագործումը:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը ահազանգում է եւ հորդորում՝ չմորթել, չվաճառել, չօգտագործել այն վայրի կամ ընտանի կենդանիների միսը, որոնք հիվանդ են կամ սատկել են անհայտ պատճառներից: Չպետք է օգտագործել վայրի կենդանիների հում միս կամ այնպիսի ուտեստներ, որոնք պարունակում եմ վայրի կենդանու չեփած արյուն:
Կենդանիների ցանկացած արտասովոր հիվանդություն կամ անկման դեպք պետք է հաղորդվի կենդանիների առողջությամբ զբաղվող մարմիններին, իսկ
սպառողներն էլ պետք է հետևեն բոլոր հորդորներին՝ նոր վարակի բռնկումից ու տարածումից խուսափելու համար։